Հայտնի են դարձել Ադրբեջանի Լյանքյարանի շրջանի Խոլմիլի գյուղում բնկավող բժշկի սպանության մանրամասները։

Minval.az-ի փոխանցմամբ, լույս մարտի 18-ի գիշերը անհայտ անձինք ներխուժել են Վախաբ Սաֆարով անունով բժշկի տուն, ու կացնով հարվածել նրա գլխին, որից 26-ամյա տղամարդը տեղում մահացել է։

«Սպանությունը դեռ բացահայտված չէ։ Սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործության պահին Սաֆարովը տանը մենակ չի եղել։ Տանն է եղել նաեւ նրա կինը, որը սակայն վստահեցնում է, որ չի տեսել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»,- նշում են ոստիկանությունից։

Հարցաքննության ժամանակ այրին ասել է , որ թուրքական հեռուստասերիալ էր դիտում ու այնքան էր հրապուրվել, որ չի նկատել, թե ինչպես է հանցագործը մտել տուն։ Ուշագրավ է որ դեպքի վայրը զննելիս քրեագետները ներխուժման հետքեր չեն գտել։Ենթադրվում է , որ հանցագործը դռնից է ներս մտել, իսկ հետո հեռացել նույնքան աննկատ , որքան մտել էր։

Հանցագործության դրդապատճառը դեռ պարզ չէ։ Անհայտ է, արդյոք հարձակումը շահադիտական նպատակ է հետապնդել։ Ըստ ամենայնի, Սաֆարովի տնից ոչինչ չի կորել։