Չինաստանը Ֆրանսիային բողոք է ներկայացրել Փարիզում ոստիկանի կողմից Չինաստանի քաղաքացու սպանությունից հետո: Երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հաստատել է, որ մարտի 26-ին Փարիզում ոստիկանը գնդակահարել է Չինաստանի քաղաքացուն:
«Չինաստանի ԱԳ նախարարությունը տեղի ունեցածին մեծ նշանակություն է տալիս: Միջադեպից անմիջապես հետո գերատեսչությունը Ֆրանսիայում Չինաստանի դեսպանատնից պահանջել է արտակարգ իրավիճակների դեպքում ակտիվացնել գործողությունների մեխանիզմը եւ ֆրանսիական կողմին բողոք է ներկայացրել»,- ասել է նա: Հուա Չունյինի խոսքով՝ չինական կողմը Ֆրանսիայից նաեւ պահանջել է ֆրանսիական տարածքում Չինաստանի քաղաքացիների անվտանգության եւ օրինական իրավունքների արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել:
«Չինաստանի ԱԳՆ-ի համապատասխան դեպարտամենտի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Չինաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որ հայտարարություն կատարի: Մենք շարունակում ենք հետեւել իրավիճակի զարգացմանը»,- հավելել է Չունյինը:
Ավելի վաղ Parisien-ը հաղորդել էր, որ մկրատով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա եւ գնդակահարվել նրա գործընկերոջ կողմից: Ոստիկանության տվյալներով՝ իրավապահը միայն մեկ անգամ է կրակել, սակայն դիպել է հարձակվողի կրծքավանդակին, եւ նա մահացել է: Ավելի ուշ Ֆրանսիայում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ սպանվածը Չինաստանի քաղաքացի էր:




























