2017 թ. մարտի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:

2017 թ. փետրվարին արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է -0.2%: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ 12-ամսյա գնաճը, ինչպես եւ կանխատեսվում էր, կշարունակի վերականգնվել եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

Արտաքին հատվածում ընթացող միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել է կանխատեսվածի համեմատ գնաճային միջավայրի ավելի ընդլայնում: Նշենք նաեւ, որ դեռեւս առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման արագության եւ զարգացող ու այլ զարգացած երկրներից դեպի ԱՄՆ կապիտալի արտահոսքի հետ: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում դրսեւորված տնտեսական ակտիվությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում գրանցված ավելի մեծ աճերով: Միեւնույն ժամանակ, շարունակում է աստիճանաբար վերականգնվել ներքին պահանջարկը՝ առավելապես կրելով 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությունը: Նման պայմաններում, հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 12 անգամ եւ ընդհանուր հաշվով 4.5 տոկոսային կետով իջեցման հանգամանքը, որի ազդեցությունը շարունակելու է փոխանցվել տնտեսությանը 2017 թ-ի ընթացքում, ԿԲ խորհուրդն այս պահին նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ ակնկալելով տնտեսական ակտիվության եւ գնաճի վերականգնման տեմպերի արագացում:

Արտաքին եւ ներքին տնտեսական զարգացումներին եւ գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսեւորմանը ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները՝ համապատասխանաբար 7.5% եւ 4.5%: