«Էդ զիբիլն անջատեք, էլի»,–այսօր հրավիրված ասուլիսին այսպիսի օրիգինալ ձեւով է սկսել երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ դիմելով օպերատորներներից մեկին, ով հեռախոսով միացրել էր իր՝ Հախվերդյանի հեղինակային երգերից մեկը՝ «Լավագույն տղերքը հեռանում են»-ը:

Հախվերդյանը միայն իր գրած երգից չէ, որ զզվում է: Նա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ զզվել եւ շարունակում է զզվել գավառականությունից եւ հետամնացությունից: «Ռուսերեն ասած, բեսպրեդել, անպատժելիությունից: Հետամնացությունն էլ իր հետ բերում ա ֆիքստուլություն: Իրար հետ վիճում են, ում ժեշտն ավելի մեծ ա, ով ավելի շատ թիկնապահներ ունի: Դա ծիծաղելի է»,-հայտարարեց երգահանը: Նա ենթադրում է, որ նման մարդիկ «փոքր ժամանակ խաղալիք մեքենաներ չեն ունեցել, հիմա էդ մեքենաները նրանց համար խաղալիք են»:

«Էդ ջիպազգիները, իսկ պարտադիր չէ ջիպ ունենալ, որ ջիպազգի լինես, ուզում են էն, ինչ որ նրանց մեջ պակասում ա, լրացնեն մետաղով, փողով եւ, ինչու չէ, կանանցով: Բայց դե մարդուն օրական մի փոր հաց ա հասնում, մի հատ կին, որեւէ մեկն էդ ռեկորդները չի խփել, որ Գինեսի գրքի մեջ մտնի: Եվ նորմալ ապրուստ, նորմալ կյանք, էդքան բան»,-իրեն հատուկ տոնով հայտարարեց  Հախվերդյանը:

Նշենք, որ հայտնի հայ երգահանը դեկտեմբերի 3-ին դառնում է 60 տարեկան: «50-ից հետո երգի մեջ արդեն ասել եմ, կրկնվել չեմ ուզում: Մի հատ ուրիշ երգի մեջ ասում եմ «երբ արդեն մեծացա, կարգին բթացա»,-իր տարիքն այսպես մեկնաբանեց  երգահանը, երբ լրագրողներրից մեկը հարցրեց, թե շա՞տ է արդյոք, թե քիչ 60 տարվա կյանքը:  Կյանքի 60 տարիների ընթացքում Հախվերդյանը որոշ բաների սկսել է ավելի հանգիստ ու թեթեւ նայել, օրինակ՝ տունը փոխանակել է քաղաքից դուրս գտնվող տան հետ: Այդ փաստը մամուլում մեկնաբանվել էր որպես փախուստ, ինչն, ըստ երգահանի, չի համապատասխանում իրականությանը եւ հիշեցնում է ճաշի մեջ մազ փնտրելուն:  «Ի՞նչ փախուստ: Տխմարը գրել ա` փախել ա, փախուստ ա: Ուղղակի այնտեղ օդը մաքուր է, ջուրը` լավը: Էդ փախո՞ւստ է կոչվում»,-դժհոգեց նա: Հարցին, թե եթե ինչ-որ բան շտկելու հնարավորություն ունենար, ի՞նչ կաներ, էքսցենտրիկ հայտարարություների սիրահար երգիչը պատասխանել է. «Օրինակ, իմ վիզը մի քիչ ծռվել էր, ես էսօր գնացի բժիշկի մոտ եւ շտկեց իմ վիզը»:

Նշենք, որ Հախվերդյանի 60-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ է տեղի ունենալու: Համերգը կկայանա դեկտեմբերի 5-ին: