Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքների տեղափոխման համար ավելի էժան է օգտվել ծովային լաստանավային փոխադրումից, այլ ոչ թե Վերին Լարսից: Մարտի 29-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` Լարսին այլընտրանք կարող են լինել ոչ միայն մայրուղիները եւ ճանապարհները, այլ նաեւ ծովային լաստանավային փոխադրումները եւ նույնիսկ ավիափոխադրումները: Մասնավորապես` լաստանավային փոխադրումները, նախարարի կարծիքով, իսկապես լավ այլընտրանք են, քանի որ, օրինակ,  քարերը եւ շինանյութը լաստանավով փոխադրելն ավելի էժան կլինի, քան Լարսով փոխադրելու դեպքում: Նախարարի խոսքով` սննդամթերքի փոխադրման համար ծովային ճանապարհը, սակայն, հարմար չէ, այնուամենայնիվ ավելի արագ եւ անվտանգ կլինի ավտոմեքենայով փոխադրումը: Դրանից բացի, նախարարն, իր իսկ խոսքով, տվյալներ չունի, թե նշված արտադրանքի լաստանավային փոխադրումը որքան էժան կլինի:

Հիշեցնենք, որ փետրվարին վարչապետ Կարեն Կարապետյանը վրացի գործընկերոջ հետ համաձայնության է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ, սակայն այս համաձայնության մանրամասները, նաեւ արդյունքները մինչ օրս անհայտ են: