Գյումրիում մայր եւ որդի Հակոբյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016 թվականի հունիսի 20-ին ժամը 15:20-ին ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը եւ նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս:
Դեպքի վայրի զննությամբ՝ տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ, 80-ամյա Սիրիկ Հակոբյանի եւ 56-ամյա Սարգիս Հակոբյանի դիակները՝ բռնության հետքերով։
Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանությունը, պարզվել առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Փաստական տվյալների համաձայն՝ 2016թ. հունիսի 17-ին տուժողները՝ Սիրիկ եւ Սարգիս Հակոբյանները, հյուրընկալել են Գ.Խաչանյանին եւ վերջինիս ընկերուհուն՝ Ա.Ենոքյանին, միասին հաց են կերել եւ գործածել ոգելից խմիչք: Հյուրընկալման ժամանակ անձնական հարցերի շուրջ Ս.Հակոբյանի եւ Գ.Խաչանյանի միջեւ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Գ.Խաչանյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։ Մասնավորապես՝ ապակյա տարայով հարվածել է Սարգիս Հակոբյանի գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, որի արդյունքում՝ գանգուղեղային փակ բութ վնասվածքի հետեւանքով գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիայի սուր խանգարումից Սարգիս Հակոբյանը մահացել է:
Դրանից անմիջապես հետո, պահարանի վրայից վերցրած մետաղյա գլխիկով մուրճով հարվածել է Սիրիկ Հակոբյանի գլխին, ով մինչ այդ փորձել էր միջամտել վիճաբանությանը։ Արդյունքում՝ տարեց կինն ստացել է գանգուղեղային փակ բութ վնասվածք, որի հետեւանքով գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիայի սուր խանգարումից մահացել է:
Քննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Ա.Ենոքյանը, ներկա գտնվելով վիճաբանությանը, կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված մայր եւ որդի Հակոբյաններին անհրաժեշտ օգնություն ցույց չի տվել, ինչպես նաեւ չի հաղորդել համապատասխան մարմիններին:
Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես ծանր հանցագործությունը եւ այն կատարող անձի ինքնությունը թաքցնելու նպատակով Ա.Ենոքյանը Գ.Խաչանյանի հետ միասին, տնակը մաքրել է դեպքի մասին վկայող ակնհայտ հետքերից՝ այդպիսով պարտակելով կատարված առանձնապես ծանր հանցագործությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Խաչանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ա.Ենոքյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի եւ 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




























