Ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որեւէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որեւէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Այս մասին 2.rd.am-ին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ըստ որի Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»:
Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որեւէ նոր բան չի ասել. «Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»:
Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որեւէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որեւէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է եւ պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչեւ չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձեւին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»:




























