2017-2018 թվականներին կառավարությունը, հնարավոր է, հրաժարվի ծրագրված վարկերի մի մասից: Մարտի 30-ին` կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով` դա կապված է բյուջետային կարգապահության ուժեղացման անհրաժեշտության հետ, որպեսզի պահպանվի արտաքին պարտքի կառավարելիությունը: 2015-2016 թվականներին անկման ժամանակաշրջանում տնտեսությանն աջակցելու համար ներարկվեցին վարկային մեծ միջոցներ (Ռուսաստանում տնտեսական անկման եւ գունավոր մետաղների համաշխարհային գների ֆոնին): Արդյունքում 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,4 տոկոսով աճեց, իսկ 2015-ին` 3 տոկոսով, 2016-ի տվյալներով ակնկալվում է 2,2 տոկոսով (2017 թվականի համար ծրագրված է 3,2 տոկոսով աճ): Սակայն 2014-ի վերջին ընդհանուր արտաքին պարտքը 38,3 տոկոսից աճել է 2016-ին սպասվող մինչեւ 54,4 տոկոս:
Արդյունքում` 2017-ին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 6,34 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 56,8 տոկոսը), իսկ մինչեւ 2021-2022 թվականները ծրագրված էր եւս մոտ 2 մլրդ դոլար վերցնել: «Բայց հիմա վարկ վերցնելիս մենք պետք է ավելի պահպանողական լինենք, որ բյուջեի կայունությունը պահպանենք: Եթե այս 2 մլրդ-ը բաժանենք 6 տարվա վրա, ապա այս տարի մենք մենք պետք է 350-400 մլն դոլարի վարկեր վերցնեինք, բայց կվերցնենք միայն 300 մլն: Տնտեսական աճին զուգահեռ հնարավոր կլինի վերադառնալ հետաձգված ծրագրերին»,- նշեց Արամյանը:



























