Հայաստանի նախկին հանրակացարաններում բնակարանների սեփականաշնորհման հարցը պետք է վերջնականապես լուծել: Մարտի 30-ին` կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` դիմելով Պետունեցվածքի կառավարման կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին:
Նիստի ժամանակ ներկայացվել է հերթական որոշումը մի ընտանիքի բնակմակերես հատկացնելու մասին, որը, փաստորեն, զբաղեցրել է Գյուղինստիտուտի (այժմ` Ագրարային համալսարան) Երասխավան գյուղում գտնվող հանրակացարանում եւ այն որպես սեփականություն է ստացել: «Կարծում եմ` նման բոլոր մյուս ընտանիքների համար պետք է միասնական որոշում գտնել: Անհրաժեշտ է այս ուղղությամբ աշխատել»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ 80-ական թվականների վերջին-90-ականների սկզբին նախկին գործարանային հանրակացարաններում սենյակները զբաղեցրել են Ադրբեջանից փախստականները: Սակայն նրանցից շատերը նույն 90-ականներին երկրից հեռացել են:




























