Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները հիմա ավելի վատ են, քան «սառը պատերազմի» ժամանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հաղորդավարի այն հարցին, արդյոք Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր «սառը պատերազմի» վիճակում են՝ Պսեկովը պատասխանել է «Նոր սառը պատերա՞զմ։ Գուցե նույնիսկ ավելի վատ, հաշվի առնելով ամերիկյան նախագահական աշխատակազմի ընթացիկ գործողությունները»

Պեսկովը կոչ է արել հիշել այն որոշումները, որոնք կայացրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտոնից հեռանալուց առաջ վերջին օրերին՝ այդ թվում ռուս դիվանագետների արտաքսումը ու Նյու Յորքում ու Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական շենքի «գրավումը»։

«Նման բան երկար տասնյամյակներ չեն եղել դիվանագիտական հարաբերությունների աշխարհում»,- նկատել է նա։ Այդ գործողությունները, Պեսկովի խոսքով, զգալի վնաս են հասցրել երկկողմանի հարաբերություններին։

Այդ նույն հարցազրույցում Պեսկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող էր օգնել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը։