ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  պարտադիր ժամկետային երկու  զինծառայողների՝ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի` 2016 թվականի ապրիլի 6-ին մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը եւ Սուրեն Արթուրի Արամյանը:

Դեպքի առթիվ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։

Նույն օրը՝ ժամը 21:00-ին, իրավապահ մարմիններին է ներկայացել ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դ.Դումիկյանը եւ հայտնել, թե ինքն է սպանել համածառայակիցներ Գ.Ավետիսյանին եւ Ս.Արամյանին՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով:

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի ինքնախոստովանական ցուցմունքներն ստուգելու, քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ համադրելու ուղղությամբ։ Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Դ.Դումիկյանը կրակոցներ է արձակել միայն Գ.Ավետիսյանի ուղղությամբ՝ նախորդ օրն իրեն հայհոյելու, ինչպես նաեւ համատեղ ծառայության ընթացքում իրեն պարբերաբար ծաղրելու համար։

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ նույն զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Ռ.Հակոբյանը եւ մարտկոցի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆ.Հովհաննիսյանը, հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, տեղեկացված լինելով Գ.Ավետիսյանի կողմից Դ.Դումիկյանի պատիվ ու արժանապատվությունը պարբերաբար ստորացնելու բազմաթիվ դեպքերի մասին, դրսեւորել են անգործություն, չեն կատարել իրենց վրա օրենքով եւ զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները, չեն հաշվառել նշված դեպքերը եւ այդ մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Մինչդատական  վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ.Դումիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ.Հակոբյանին եւ  Ֆ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալներ Դ.Դումիկյանի, Ֆ.Հովհաննիսյանի եւ Ռ.Հակոբյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրանց վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ եւ հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Գ.Ավետիսյանի սպանության համար 3 մեղադրյալների մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Սուրեն Արամյանի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է, եւ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքների վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: