Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն երկրորդ անգամ արձանագրում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կատարած խայտառակ ապօրինությունը, իսկ Հայաստանում համառորեն հրաժարվում են վարույթ հարուցել նրա դեմ։

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը որոշում է կայացրել կարգապահական վարույթ չհարուցել Մկրտումյանի նկատմամբ, թեեւ անցած տարվա դեկտեմբերին 36 փաստաբաններ դիմել էին նշված հանձնաժողովին։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016թ. հոկտեմբերի 27-ին «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռում արձանագրել էր, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի (վճռի տեքստում նշված է որպես judge M.) կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

Հայաստանի իշխանությունները, Մկրտումյանին պաշտպանելու ցանկությամբ տոգորված, բողոքարկել էին այդ վճիռը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՄԵծ Պալատի 5 հոգանոց դատական կազմը մերժել էր «վճռաբեկ բողոքը»՝ ամրագրելով Մկրտումյանի կատարած ապօրինությունը:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստն այնքան էր հարթ չի անցել։ Նիստին մասնակցել է նաեւ հանձնաժողովի յոթերորդ անդամը, թեեւ որոշման տակ միայն վեց անդամների ստորագրություն կա։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նիստի կեսից հեռացել է, նրա ստորագրությունը չկա նաեւ որոշման տակ, իսկ անունը բացակայում է որոշման տեքստից։

«Արման Մկրտումյանի վարքագիծը ՄԻԵԴ-ը դիտում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դիմողի արդար դատաքննության իրավունքի խախտում, իսկ էթիկայի հանձնաժողովն ասում է, որ դա ընդամենը մասնավոր անձի արած արտահայտություններ էին, ինչը չի կարող վերագրվել ՀՀ վճռաբեկ դատարանին: Այիսնքն՝ Եվրոպական դատարանի վճիռների վրա էլ թքած ունեն, եթե իրենց ըտենց ա պետք: Էդ դեպքում թող իրավունքի զարգացման եւ ՄԻԵԴ-ի վճիռների կիրառման անհրաժեշտության մասին այլեւս չստեն»,- Facebook սոցցանցում գրառել է փաստաբան Արթուր Գրիգորյանը։