Ահաբեկիչ Անիս Ամրին, որը 2016-ին առեւանգված բեռնատարով 11 մարդու էր վրաերթի ենթարկել Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում, երկար շաբաթներ փնտրում էր վայր ահաբեկչությունն իրականացնելու համար, սակայն նա միանգամից ընտրել է Zoologischer Garten կայարանի հարակից փողոցը։ Այս մասին գրում է Spiegel –ը, վկայակոչելով քննությունը։

Քննիչների տրամադրության տակ է հայտնվել Ամրիի հեռախոսը։ Այդ հեռախոսով, ահաբեկչի Google–հաշվի օգնությամբ, հաջողվել է պարզել նրա տեղաշարժերի երթուղին։ Բացի դրանից հաջողվել է վերականգնել աուդիո հաղորդագրությունը, որը Ամրին ուղարկել էր Telegram մեսենջերով, երբ արդեն բեռնատարում էր։ Այդ հաղորդագրության մեջ նա իր համախոհներին հայտնում է, որ արդեն մեքենայում է ու խնդրում է աղոթել իր համար։

2016-ի դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը Բեռլինի կենտրոնում մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 12 ու վիրավորելով 48 մարդու։ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ դա ահաբեկչություն էր։ Հետախուզության մեջ գտնվող կասկածյալ 24-ամյա թունիսեցի Անիս Ամրին, որը վարել էր մեքենան, սպանվել է Միլանում՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում։