Նիկոլ Փաշինյանի փաստաբանները տեղեկություն են ստացել, որ «Կոշ» ՔԿՀ-ում գտնվող իրենց պաշտպանյալը տեղափոխվել է առանձին խուց: «Մենք այդ մասին տեղեկացել ենք երեկ, սակայն տեղեկության ստույգ լինելը պարզ կդառնա այսօր, երբ հանդիպենք Փաշինյանին»,-NEWS.am-ի թղթակցին հայտնեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը: Նշենք, որ Փաշինյանին առանձին խուց տեղափոխելու մասին տեղեկություն կա նաեւ այսօրվա մամուլում: NEWS.am-ի տեղեկություններով, արդեն երկրորդ օրն է՝ Փաշինյանին տեղափոխել են ոչ թե առանձին խուց, այլ դատապարտյալների համար նախատեսված առանձին կացարան՝ քաղբանտարկյալի անվտանգության նկատառումներից ելնելով:

Նշենք նաեւ, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ, այսօր «Կոշ» ՔԿՀ-ում պետք է քննի Նիկոլ Փաշինյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի:  Մնոյանը պետք է որոշի՝ փոխելո՞ւ է  Նովասարդյանի կողմից այս տարվա մայիսի 25-ին կայացված որոշումը: Ըստ այդ որոշման՝ կիրառելով 2009 թվականի մայիսի 19-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած համաներումը, Փաշինյանի ազատազրկման վերջնաժամկետը սահմանել է 3 տարի 10 ամիս 29 օր: Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, Նավասարդյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի 7 տարվա ազատազրկման ժամկետը պետք է կիսեր՝ վերջնաժամկետ սահմանելով 3 տարի 6 ամիս: Դռնբաց դատական նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին: