Evolutionary Psychological Science ամսագրում հրապարակված նոր հետազոտութան շրջանակում ուսումնասիրվել են այն դեպքերը, երբ տղամարդիկ իրենց գրավիչ զուգընկերուհիներին ցուցադրում են՝ իրենց սոցիալական կարգավիճակը բարձրացնելու նպատակով, հայտնում է Planet-today–ը։
Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ռոմանտիկ զուգընկերը կարող է նույն նպատակով գործածվել, ինչ շքեղ ժամացույցը կամ որեւէ այլ շքեղ իր, այսինքն մարդու կարգավիճակը բարձրացնելու համար։
66 տղամարդկանց ու 51 կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երբ մարդը երեկույթ է հաճախում գրավիչ արտաքինով զուգընկերոջ հետ, նրա սոցիալական կարգավիճակն ավելի բարձր է գնահատվում, քան նրանը, որը ներկայանում է ոչ գրավիչ զուգընկերոջ հետ։ Նույնը կարելի է ասել նաեւ այն մարդու մասին, որը կրում է թանկարժեք ժամացույց ՝ էժան պլաստիկ ժամացույց կրողի համեմատ։ 41 տղամարդու ու 82 կնոջ մասնակցությամբ մեկ այլ հարցման շրջանակում պարզվել է, որ գրավիչ կին ունեցող տղամարդու սոցիալական կարգավիճակը նույնպես ավելի բարձր է ընկալվում, քան ոչ գրավիչ կին ունեցողինը։
Ինչպես ժամացույցը, ավտոմեքենան կամ կոստյումները կարող են վկայել որեւէ մեկի սոցիալական կարգավիճակի մասին, այդպես էլ ռոմանտիկ զուգընկերները։ Նախորդ հետազոտություններն էլ պարզել էին, որ կանայք նույնպես սիրում են ցուցադրել իրենց զուգընկերներին։ Ի դեպ դա կարող է նաեւ բացատրել, թե ինչու են մարդիկ ձգտում ինքնագրեր ու հուշանվերներ ստանալ հայտնի մարդկանցից՝ այդ ձևով նրանք իրենց ավելի մոտ են զգում հանրահայտ մարդկանց ու համարում, որ դրանով բարձրացնում են իրենց սոցիալական կարգավիճակը




























