Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի մեղադրանքը քննչական մարմինը հստակեցրել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Նկարագրության մեջ բովանդակային փոփոխություն են կատարել: Սակայն, Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ քանի անգամ էլ հստակեցնեն, միեւնույնն է ինքը չի ընդունում մեղադրանքը: Մի շարք գործողություններ էին նկարագրված, մի քանի նախադասություն են ավելացրել, իբր հստակեցրել են»,-« ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Պաշտպանը նշեց, որ Ներսես Պողոսյանը չի ստորագրել փոփոխված մեղադրանքի տակ՝ նշելով, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:




























