«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին Մոսկվա քաղաքում հանդիպում են ունեցել Ռուսաստանի հայ գործարարների եւ բարերարների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է Ռուսաստանի մեր հայրենակիցների դերակատարությունը Ղարաբաղի զարգացման գործում` ընդգծելով, որ այս անգամ եւս ակնկալում է նրանց ակտիվ մասնակցությունը Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկի` խմելու ջրի հարցի լուծմանը:
Բակո Սահակյանի խոսքով՝ այդ հարցն ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական նշանակություն, եւ նրա լուծումը մեծապես կնպաստի Արցախի զորացմանն ու զարգացմանը:
Միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:




























