Ընտրողներին կաշառելն ու առավել լայն ընտրական կոռուպցիան ստվերում են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընդհանուր պատկերը։ Այդ երեւույթը վնասում է Հայաստանին ու երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը։ Այս մասին ապրիլի 11-ին Գյումրիում լրագրողներին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պավիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
«Այո՛, Հայաստանը խնդիր ունի, բայց ես ապագային լավատեսորեն եմ նայում։ Ես իմ ամբողջ ժամանակը ծախսում եմ վերլուծելով այն, թե ինչպիսի պրակտիկ մեթոդներ կարելի է ձեռնարկել՝ ապագայում քաղաքական կոռուպցիայի նման ակտերը կանխելու համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական գործիչները պետք է լուրջ քննարկումներ սկսեն այն բանի շուրջ, թե ինչպիսի օրինական կամ վարչական միջոցներ կարող են ձեռնարկվել՝ ձայները գնելն ու վարչական ռեսուրսը կանխելու համար»,- ասել է նա։
Նշելով, որ ԵՄ դիտորդներն արդեն տվել են իրենց գնահատականը ընտրությունների վերաբերյալ՝ Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին՝ Եվրամիության ֆինանսավորված նախագիծը ներդնելու համար։ Ներդրված նորարարությունների շնորհիվ՝ հայ ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ձայները հնարավոր չէ գողանալ։ Իհարկե, տեխնիկայի հետ ինչ-ինչ խնդիրներ եղան, եւ ամեն ինչ չէր աշխատում ինչպես պետքն է։ Սակայն դիվանագետի խոսքով՝նման նախագիծը դեռ երբեք չէր ներդրվել այդքան կարճ ժամանակահատվածում։ Ի դեպ, Հայաստանում այն ավելի լավ է գործել, քան ԵՄ-ում կարող էին սպասել եւ նույնիսկ ավելի լավ, քան այլ երկրներում, որտեղ այն ներդրվել էր։
Ինչպես նշել է Պյոտր Սվիտալսկին՝ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու, ճնշում գործադրելու եւ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ հաղորդումներ են ստացվել։ Բայց դեսպանը հույս է հայտնել, որ այդ բոլոր խնդիրներով կզբաղվեն, եւ ապագայում Հայաստանում ընտրությունները կլինեն ազնիվ ու թափանցիկ։ Այժմ նրա խոսքով՝ նրանք վերլուծում են ձեռքի տակ եղած բոլոր տվյալները եւ ավելի ուշ կներկայացնեն իրենց վերջնական եզրակացությունենրը։
«Ժողովրդավարությունը գործընթաց է, մշտական շարժում եւ ապրիլի 2-ին արվել է կարեւոր քայլը, այդ գործընթացը կշարունակվի, այն անդառնալի է»,- ասել է նա։
ԵՄ դեսպանը հատկապես նշել է երիտասարդության ակտիվությունը ընտրությունների ժամանակ եւ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակությանը, որը դիտորդական առաքելություն էր իրականացնում։




























