Hot Wheels խաղալիքը գնահատել են 100-150 հազար դոլար՝ խոսքը Beach Bomb մոդելի նախատիպերի շարքի մասին է, որոնք խոտանով էին թողարկվել, հայտնել է Motor–ը։

Antiques Roadshow շոուն հարցազրույց է վերցրել արտասովոր մոդելի տիրոջից, որը ստեղծվել էր որպես Volkswagen Microbus մինիվենի կրկնօրինակ։ Beach Bomb -ի առանձնահատկություններից էր կոմպլեկտի մեջ ներառված սերֆինգի երկու տախտակները։ Սակայն հետագայում պարզվել է, որ խաղալիքը չափից ծանր է Mattel Supercharger «մեկնարկային» ավտոտնակի համար ու մշակողները որոշել էին վերափոխել այն ։

Արդյունքում վաճառքում հայտնվել է Microbus–ի մեկ այլ տարբերակ, սակայն «դեֆեկտի» հայտնաբերման պահին սխալ նախատիպերի մի ամբողջ շարք էր արդեն արտադրվել։ Antiques Roadshow-ը մոդելն անվանել է Hot Wheels–ի «Սրբազան գավաթ»։

Խաղալիքի սեփականատերը այն նվեր էր ստացել իր հայրիկից, որը ժամանակին Mattel–ում էր աշխատում։ Նա որդուն նախազգուշացրել էր, որ Beach Bomb–ը պետք է լավ պահպանել, քանի որ մի օր այն կարող է դառնալ թանկարժեք նմուշ։ Տվյալ նմուշի արժեքը բարձրացնում է նաեւ մուգ կարմիր գույնը, համարվում է, որ դա «խոտանային» մոդելների ամենահազվագյուտ գույնն է։