ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում մասնակցել է «Գործընկերություն հանուն քաղաքացիական ծառայության կատարելագործման» թեմայով միջազգային համաժողովին:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ Աստանայում քաղաքացիական ծառայության տարածաշրջանային հաբի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակացությամբ հրավիրված համաժողովում քննարկվել են Հաբի մասնակից երկրների քաղաքացիական ծառայության մարմինների, ոլորտում գործող միջազգային կառույցների եւ Հաբի փորձագետների ցանցի միջեւ համագործակցության առկա կառուցակարգերի կատարելագործման հնարավորությունները, հեռանկարները: Միջոցառման հիմնական նպատակն էր գտնել քաղաքացիական ծառայության ոլորտում արդյունավետ եւ առաջադեմ փորձի փոխանակման նոր, առավել դյուրին եղանակներ՝ քաղաքացիական ծառայության պրոֆեսիոնալության բարձրացմանը, դրանք ժամանակակից մարտահրավերներին համարժեք դարձնելուն, հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը նպաստելու համար:
Համաժողովին մասնակցել են ՏՀԶԿ, ԱՊՀ, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ՝ Հաբի մասնակից 36 երկրների քաղաքացիական ծառայության համակարգման եւ կազմակերպման պետական մարմինների ղեկավարները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Հարավ-Հարավ» համագործակցության գծով ներկայացուցիչը, պատվիրակներ Հաբի հետ գործակցող միջազգային կառույցներից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրել է Հաբի զարգացման եւ արդյունավետության բարձրացման Հայաստանի տեսլականը, միջազգային համագործակցության այդ պլատֆորմից հիմնական ակնկալիքները Հայաստանում իրականացվող համակարգային բարեփոխումների համատեքստում: ՀՀ ՔԾԽ նախագահը շեշտել է Հաբի ստեղծած փորձագիտական ցանցի մոնիթորինգային, խորհրդատվական բաղադրիչն ուժեղացնելու, քաղաքացիական ծառայությունում մերիտոկրատիկ արժեքների արմատավորման, պրոֆեսիոնալացման, գիտելիքների եւ հմտությունների կատարելագործման նպատակով բոլոր մակարդակների քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, կարողությունների զարգացման, փորձի փոխանակման լրացուցիչ ծրագրերի իրականացման եւ օգտագործման անհրաժեշտությունը:
Առաջարկվել է Հաբի առաջիկա համաժողովներից մեկն անցկացնել Երեւանում:



























