Հայաստանի պետական պարտատոմսերը օտարերկրացիների համար առավել գրավիչ են դառնում ներդրումների համար: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ֆինանխի պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
Նա նշել է, որ եթե 2015-ին ոչ քաղաքացիների դրամական պարտատոմսերի մասնաբաժինը կազմել է 0,7 մլրդ դրամ, ապա 2017 –ի I եռամսյակի ավարտին այն արդեն 7,9 միլիարդ էր (սակայն, համեմատության համար, Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ազգային արժույթով I եռամսյակի ավարտին 511 միլիարդ դրամ է կազմել, կամ, ըստ ընթացիկ փոխարժույթի, մոտ 1,05 մլրդ դոլար):
Հիշեցնենք, որ 2016-ի վերջին «Nasdaq OMX Armenia» ֆոնդային բորսայում բացվել է Clearstream քլիրինգային համակարգի հաշվեհամարը: Դրա միջոցով արտերկրից ներդրողները կարող են Հայաստանում առանց դեպո-հաշվեհամարներ բացելու արժեթղթեր ձեռք բերել: Առաջին փուլում Clearstream լինքը գործում է միայն Հայաստանում թողարկված պետական ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների արժեթղթերի համար:
Այդ համակարգի միջոցով առաջին գործարքները տեղի են ունեցել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն դեռ զգալի ծավալ չեն կազմում: Հիմնականում օտարերկրացիներն այն գնում են երկրորդական շուկայում` գործակալ բանկերից: «Իհարկե, մենք ողջունում ենք շուկայի լիբերալացումը, սակայն այդ ժամանակ ներքին պարտքը կվերածվի արտաքինի եւ պակաս վերահսկելի կդառնա` իհարկե հարաբերականորեն: Սակայն արտերկրից ներդրողներ ներգրավել մենք ցանկանում ենք, այդ պատճառով էլ հազվադեպ, սակայն մեծ էմիսիա ենք իրականացնում: Արտերկրից ներդրողներին փոքր ծավալները հետաքրքիր չեն», - նկատել է Մարգարյանը:



























