Մարդիկ, որոնք մանկության տարիներին դժվարությունների են բախվում, առավելություններ ունեն իրենց այն հասակակիցների նկատմամբ, որոնց մանկությունը հանգիստ է անցել։ Մասնավորապես այդ մարդկանց մոտ ավելի լավ են զարգանում ունակություններ, որոնք անհրաժեշտ են կյանքի հետագա դժվարությունները հաղթահարելու համար։ Նման եզրակացության են հանգել Յութայի համալսարանի գիտնականները, գրում է The Daily Mail–ը։

Մասնագետները վերլուծել են մանկական տրավմաներով մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների արդյունքները։ Գիտնականները հայտնաբերել են, որ նման մարդկանց հիշողությունն ավելի զարգացած է։ Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ այդ երեխաները ավելի լավ էին հիշում իրենց կյանքում բացասական դերակատարում ունեցող մարդկանց, քան նրանք, ովքեր մանկությունից միայն դրական հիշողություններ ունեն։

Մեկ այլ հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ծնողների կողմից վերբալ ագրեսիայի ենթարկված երեխաները զգացմունքային տեսակետից ավելի տոկուն են։ Հետազոտողների կարծիքով դա ադապտացիոն մեխանիզմ է, որը մարդկանց թույլ է տալիս խուսափել հետագա տրավմատիկ իրադարձություններից։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց եզրակացությունները կօգնեն ավելի շատ բան իմանալ տարբեր մարդկանց ունակությունների մասին։