Կանադացի հետազոտող Կառա Զախարյուչուկը բացահայտել է «չար խորթ մոր» մասին առասպելը, որի մասին պատմում է «Մոխրոտը» հեքիաթում: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Journal of Divorce & Remarriage ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Զախարյուչուկը վերլուծել է ամուսնալուծությունից հետո ընտանեկան կոնֆլիկտների թեմայով մի քանի տասնյակ հոդվածներ եւ հանգել եզրակացության, որ խորթ մայրը կարող է սատարել երեխաներին, օգնել խուսափել ծնողների ապահարզանի պատճառով սթրեսից եւ հարմարվել նոր ընտանիքին:

Մասնագետի կարծիքով՝ «պետք չէ տարածել կարծրատիպերը, որ ոչ հարազատ մայրը չար է, դաժան եւ հեռու է երեխաների խնդիրներից»: Եթե խորթ մայրն ընտանիքում հստակ դեր ունի, ընտանիքում մթնոլորտը կլավանա: