Կանադայի եւ ԱՄՆ-ի գիտնականները հայտնաբերել են, որ 2016 թվականին անհետացել է Հյուսիսային Ամերիկայի գետերից մեկը: Այս մասին հայտնում է Nature Geoscience-ը:

Մասնագետները հայտնաբերել են, որ 2016 թվականին Սլիմս գետը, փաստորեն, դադարել է գոյություն ունենալ, որի ջրերը հյուսիսային ուղղությամբ՝ դեպի Բերինգի ծով էին հոսում եւ սնուցում նույնանուն լիճը:

Գետի ծանծաղման պատճառը Կանադայի խոշորագույն սառցադաշտերից մեկի՝ Քասքավուլշի շեղումն է դեպի մայրցամաքի խորքը: Բնական այս երեւույթը փոխել է վերջին մի քանի հազար տարիներին հաստատված ջրատարների համակարգը, որի հետեւանքով սառցադաշտից ջուրը սկսել է հոսել ոչ թե հյուսիսային ուղղությամբ՝ Սլիմս գետով, այլ հարավային՝ Քասքավուլշ գետով դեպի Խաղաղ օվկիանոս:

Գիտնականները տեղի ունեցածի պատճառը գլոբալ տաքացումն են համարում: Դեռեւս 2015 թվականին Սլիմսը գոյություն ուներ: Գետի անհետացումը հաջողվել է հայտնաբերել  արբանյակային լուսանկարներով եւ անօդաչուներով տեղանքի հետազոտությամբ:

Հետազոտության հեղինակները նշել են, որ գետի անսպասելի անհետացումը չի կարող չազդել տեղի էկոհամակարգի վրա, սակայն հավելել են, որ խմելու ջրի հետ կապված բնակչությանը վտանգ չի սպառնում: