Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մեկնարկել են Արշակունյաց պողոտայի արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքները  էներգաարդյունավետ ԼԵԴ լուսատուներով:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ վերակառուցվում են հենասյուների բարձակները, ինչի արդյունքում առկա երկու բարձակները փոխարինվում են մեկականով: 242 լուսատուներից փոխարինվել է 44-ը:

Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում Երեւանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով իրականացվել են մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակ» կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման եւ լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է շուրջ 70%-ով: