Գյուղնախարարությունը կարող է սուբսիդավորմամբ նվազեցնել գյուղացիների համար վարկերի տոկոսադրույքը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ապրիլի 20-ին այս խնդիրը քննարկել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ:
«Գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստանալ մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր նպատակին եւ չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք մշակել նոր ծրագիր, որով կխթանենք փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների խոշորացումը եւ կնպաստենք արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը առաջարկել է փոխել չափորոշիչները եւ վերանայել վարկերի տրամադրման պայմանները: Մասնավորապես նախատեսվում է ուսումնասիրել սուբսիդավորման ավելացման հնարավորությունը, ինչի արդյունքում էլ ավելի կնվազի վարկային տոկոսադրույքը եւ բարձրացնել տրամադրվող գումարի շեմը: Բացի այդ, տնտեսությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվող գումարներն առավել արդյունավետ եւ նպատակային ծախսվեն եւ ուղղվեն բացառապես ոլորտի զարգացմանը: Նախարարն առաջարկել է, որպեսզի ծրագիրը գնահատվի բանկի մասնագետների կողմից, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրման հարցը: Միաժամանակ կարեւորվել է անհրաժեշտության դեպքում ֆերմերներին խորհրդատվություն տրամադրելու հարցը:
Նշենք, որ այս տարի շարունակվում է 8 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, որի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 700 մլն դրամի չափով գումար:



























