Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարին զեկուցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքների, ներդրողների ներգրավման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների շինարարության վերաբերյալ:
Նշվել է, որ կոմունիկացիաների շինաշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն եւ կոնկրետ պատասխանատուի վերահսկողությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, կազմակերպչական մի շարք հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել զուգահեռաբար եւ հնարավորինս արագ:




























