ՀՀ արդարադատության նախարարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջեւ ապրիլի 21-ին ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացման ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ներկայիս  համագործակցությունը  եւ հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունը ավելի կամրապնդվի եւ կկրի շարունակական բնույթ:

«Դատական արխիվների թվայնացումը կարեւոր գրավական է դատական համակարգի գործունեության  եւ արդյունավետության բարձրացման համար: Համաձայնագրով նախատեսված աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի առցանց որոնել թվային ֆայլերը՝ այդպիսով կբարելավվի դատական գործերի եւ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը եւ դատական համակարգի  գործունեության թափանցիկությունը»,- ասել է նախարարը: 

ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը եւս հատկանշական է համարել  համաձայնագրի կնքումը եւ գոհունակությամբ նշել, որ Արդարադատության նախարարության հետ վերջին մեկ տարվա ընթացքում երկու կարեւոր համաձայնագրերի ստորագրումն արդեն իսկ վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Նշենք, որ փաստաթղթի շրջանակում հատկացվող միջոցները կուղղվեն դատական արխիվային նյութերի թվայնացմանը, առկա համակարգում դրանց ներմուծմանը եւ կարողությունների զարգացամանն ու հանրային իրազեկմանը: