Մենք չէինք կարող ունենալ կրթագիտական հաջողություններ, եթե ինտեգրված չլինեինք Խորհրդային Միության կրթական հզոր տարածքին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանում մեկնարկած ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին մասնակցել են մի շարք երկրների շուրջ 250 պատվիրակ, Միջազգային բակալավրիատ եւ Ռաունդ Սքվեր կազմակերպությունների համաշխարհային գրասենյակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ուսհաստատությունների ղեկավարներ:

Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, ասված էր. «Կրթության համակարգի զարգացումը եւ կատարելագործումը համարվում է ՀՀ կառավարության հիմնական գերակայություններից մեկը:  Այս գործընթացում կարեւոր է ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների դերը:  Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա կրթական խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված քննարկումների արդյունավետ հարթակ, նոր խթան կհանդիսանա Հայաստանի կրթության ոլորտի հաջող զարգացման համար, ինչպես նաեւ կստեղծի հիմքեր` տարբեր երկրների դպրոցների, ուսուցիչների եւ սովորողների միջեւ հետագա արդյունավետ համագործակցության համար»:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ Երեւանը միջոցառման անցկացման վայր ընտրելու համար:  «Կարծում եմ, որ Երեւանի  ընտրությունը կապված է նաեւ այն որոշակի արդյունքի հետ, որ ունենք Հայաստանում գործող մեր դպրոցում:  Այս կապակցությումբ շնորհակալություն  եմ հայտնում Շիրակացու ճեմարանին՝ ոչ միայն Միջազգային բակալավրիատի ծրագրի հաջող փորձարկման, այլ նաեւ կրթական մեծ տարածքներում աշխատելու համար: Մենք չէինք կարող ունենալ կրթագիտական հաջողություններ, եթե ինտեգրված չլինեինք Խորհրդային Միության կրթական հզոր տարածքին: Այսօր Հայաստանը կրթական առումով ակտիվ աշխատում է երկու ուղղությամբ՝ նախկին խորհրդային երկրների հետ՝ ինտեգրվելով թե տարածաշրջանային կառույցներում եւ գիտակրթական համակարգերում, թե ԵՄ-ի հետ: Մենք համարյա բոլոր եվրոպական կրթական ծրագրերի ակտիվ մասնակիցն ու ներկայացուցիչն ենք: Այս իմաստով Միջազգային բակալավրիատը մեծ դեր է խաղում աշխարհում՝ ազգային կրթական համակարգերը միավորելու, միջազգային չափորոշիչներին համապատասխան միջին մակարդակի համաշխարհային կրթական ձեւաչափ ստեղծելու ուղղությամբ: Հայաստանում այս ձեւաչափով գործում են մի քանի դպրոցներ, ունենք միջազգային ներկայացվածություն եւ մենք ողջունում ենք այս քաղաքականությունը, քանի որ ՀՀ կրթական համակարգը բաց հարթակ է: Մեր երկրի բարձրագույն կրթական համակարգում աշխատում են ինչպես միջպետական համաձայնագրով, այնպես էլ անհատական-կազմակերպական նախաձեռնություններով  ստեղծված միջազգային համալսարաններ, մասնավոր համալսարանների մի ամբողջ համախումբ, եւ նաեւ այս գործունեությունը տեղափոխված է  հանրակրթության համակարգ: Հատկապես ավագ դպրոցում ներկայումս տեղի են ունենում լուրջ փոփոխություններ Հայաստանում, եւ Միջազգային բակալավրիատի փորձը շատ կարեւոր է մեզ համար՝ հատկապես ավագ դպրոցի առաքելության, ուսումնական պլանների, ծանրաբեռնվածության բեռնաթափման առումով: Այն խնդիրները, որ դնում է Միջազգային բակալավրիատն իր առջեւ, իսկապես համահունչ է 21-րդ դարի պահանջներին: Դրանով է պայմանավորված նաեւ վերջինիս մեծ ներկայացվածությունը ողջ աշխարհում»,-նշել է նախարարը:

Նշենք, որ հայկական կողմից համաժողովի կազմակերպչական ապահովումն իրականացնելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

Համաժողովի շրջանակներում կքննարկվեն կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, ինչպես նաեւ կրթական հաստատություններում նոր մանկավարժական մեթոդաբանության եւ միջազգային կրթական չափորոշիչների՝ ներդնելու հնարավորությունները: Համաժողովի ընթացքում կներկայացվեն Միջազգային բակալավրիատի ծրագրի առանձնահատկությունները, ինչպես նաեւ կանցկացվեն հետաքրքիր, բազմաշերտ սեկցիաներ, սեմինարներ եւ կլոր սեղաններ: