Գոշ լճի տարածքում չի լինելու որեւէ կառուցապատում վարձակալի կողմից, քանի դեռ չի անցել պատշաճ փորձաքննություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Բնապահպանության նախարարությունում Գոշ լճի խնդիրներին նվիրված հանրային քննարկման ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, Հայաստանում չի իրականացվելու որեւէ կառուցապատում, որի հետեւանքով էկոհամակարգին վնաս կպատճառվի: «Բնապահպանության նախարարությունը պատրաստ է ոչ միան Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված գործառույթներն ամբողջությամբ իրացնել, այլ նաեւ բնական ռեսուրսների ողջ կառավարման համակարգը դարձնել պետության, հասարակության կայուն զարգացման հիմք։ Սա սկզբունք է, որից ես որեւէ ձեւով նահանջել չեմ կարող»,-ընդգծել է նախարարը:
Արծվիկ Մինասյանի խոսքով, «Հեռու Գոշից» նախաձեռնության անդամների եւ իր հետ նախորդ հանդիպումից հետո թյուր տեղեկատվություն է տարածվել, թե իբր ինքն ասել է՝ երեք օրում կվերացնեն այն իրավիճակը, որն առաջացել է Գոշ լճի տարածքում. «Ես չեմ ասել, թե կվերացնենք այս խնդիրը երեք օրվա ընթացքում, ես ասել եմ, որ ծառայողական քննությունը երեք օրից կավարտվի եւ մենք կունենանք վիճակի գնահատում։ Վիճակի գնահատումն արդեն ունենք, եւ որեւէ վարքագիծ այնտեղ չի կարող դրսեւորվել վարձակալի կողմից, քանի դեռ պատշաճ էկոլոգիական փորձաքննություն չի անցել այն ծրագիրը, որն իրենք պատրաստվում են իրագործել։
Ծառայողական քննության հիման վրա արդեն իսկ նկատողություն է հայտարարվել այս տարածքի անտառապահի նկատմամբ, որ առնվազն նա պետք է տեղեկացված լիներ, փաստաթղթերն ուսումնասիրեր ու զեկուցեր, որ այդպիսի գործողություն է կատարվել։ Գոշի լճի ափին գոյացած տիղմը ազգային պարկի միջոցով եւ վարձակալի ֆինանասավորմամբ մաքրելու ենք։ Մենք հետեւելու ենք, որ հավուր պատշաճի վարչական պատասխանատվության ենթարկվի նախաձեռնողը, որն առանց փորձաքննության իրականացրել է այս գործողությունը։ Հիմա բնապահպանական տեսչությունը շարունակում է այնտեղ գնահատման եւ ստուգման աշխատանքները, որպեսզի մենք կարողանանք այնտեղ շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը գնահատել»։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դիլիջան պարկը 34 հազար հեկտար տարածք է ընդգրկում եւ միայն մարդկային ներուժով հսկելը բարդ է, դրա համար միջազգային գործընկերների հետ համագործակցելով փորձում են ժամանակակից տեխնիկական միջոցներով ձեռք բերել:
«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամներից Հայկ Մարկոսյանը հարցրեց, թե ինչո՞ւ չի խզվում պայմանագիրը վարձակալի հետ, եթե այդքան օրենքներ են խախտվել, ինչին նախարարը պատասխանեց, որ Գոշի լճի տարածքը շահագործելու վերաբերյալ պայմանագրով են շարժվում, իսկ օրենքը հղում է տալիս պայմանագրին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ռենդոռ» ընկերության հետ կնքած պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից եւ չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը եւ էնդեմիկ կարգավիճակը: Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո:




























