Գոշի լճի հարակից տարածքում նախկինում ավտոարշավների կազմակերպում է տեղի ունեցել, ինչն այլանդակություն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Բնապահպանության նախարարությունում Գոշ լճի խնդիրներին նվիրված հանրային քննարկման ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
«Օրինակ՝ ինչո՞ւ նաեւ այդ հարցը չեք դնում։ Ես հանձնարարել եմ, որ բացահայտենք, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ պատշաճ հսկողություն չի եղել այդ մասով, եւ արդյոք դա նախատեսված էր դրա համար, ինչն այլանդակություն է բնության նկատմամբ, չի համապատասխանում այդ էկոհամակարգին»,-ընդգծեց նախարարը:
Քննարկման մասնակիցներից Արմեն Ավագյանը հայտարարեց, որ Գոշ լճի տարածքում արմատախիլ արված ծառեր կան եւ ներկայացրեց դրանց լուսանկարները: Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ տեսչությունն աշխատում է այնտեղ եւ դեռ աշխատանքները չեն ավարտվել, իսկ վարձակալը պարզաբանել է, թե պարզապես ցանկացել է մաքրել տիղմը՝ չիմանալով, թե բնությանը վնաս են հասցնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ռենդոռ» ընկերության հետ կնքած պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից եւ չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը եւ էնդեմիկ կարգավիճակը: Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո:




























