ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 22-ին ընդունեց Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանին։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարարը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող կրթական ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները։
Քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք առնչվում էին ԵՊՀ, Պոլիտեխնիկական, Հայ-ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների եւ Սան Խոսե պետհամալսարանի միջեւ համատեղ գործակցության, այդ թվում՝ ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը։
Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները հետագա համագործակցության եւ համատեղ հուշագիր ստորագրելու շուրջ:




























