Թեեւ կառավարությունը «Բյուջե-2011» նախագիծը  որակել է որպես սոցիալական ուղղվածություն ունեցող եւ տնտեսությունը կայունացման տանող բյուջե, սակայն այն 2010-ի բյուջեից որակական տարբերություններ չունի: Նման տեսակետ է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ-ում քննարկվող բյուջեի նախագծի վերաբերյալ:

«Կառավարությունն իր տնտեսական կանխատեսումներում դիպուկ չէ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ 2010 թվականի համար ՀՀ վարչապետն ու ֆինանսների նախարարը առավելագույնը 5,5 տոկոսանոց ինֆլյացիա էին կանխատեսում,  այսօր սակայն սղաճը հասել է 8,6 տոկոսի եւ դեռ շարունակվելու է աճել, իսկ առաջին անհրաժեշտության առանձին ապրանքատեսակներ մինչեւ  30 տոկոսանոց  աճ են արձանագրել»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է գնաճին, պատգամավորը հիշեցրել է, որ անգամ վարչապետն է նշել, որ 2011-ի կարեւորագույն մարտահրավերներից  մեկը բարձր գնաճն է լինելու, եւ այդ ֆոնին անլուրջ է նվազագույն աշխատավարձի 2500 դրամանոց ավելացումը ներկայացնել որպես գնաճի դարման: Լ. Գալստյանի խոսքով, աշխատավարձեր սահմանելու կառավարության փիլիսոփայությունն ու կողմնորոշիչները կրում են սիտուացիոն, հատվածական բնույթ:

«Ռիսկային  կամ գերակայություն հայտարարված ոլորտներում, տարբեր օրենքների մեջ տեղավորելով   պարբերաբար եւ թռիչքաձեւ աշխատավարձեր ենք բարձրացնում,  խրախուսման ֆոնդեր  ստեղծում, բայց այդպես էլ հանրապետությունում ոչ կոռուպցիոն ցուցանիշներն են նվազում, ոչ  դատաիրավական համակարգն է անհրաժեշտ  անկախություն դրսեւորում, ոչ քաղաքացիների իրավունքներն են պատշաճ պաշտպանվում եւ ոչ էլ կառավարման ապարատի արդյունավետությունն է բարձրանում: Տպավորությունս այնպիսին է, թե որ նախարարի լոբբինգն ուժեղ է, նրան էլ հաջողվում է ԱԺ նախագիծ բերել ու ոլորտային աշխատավարձ բարձրացնել»,- հայտարարել է Լ. Գալստյանն ու բերել մի քանի փաստեր. «պետական կառավարման համակարգի աշխատողների միջին աշխատավարձը 157 հազար դրամ է լինելու, քաղծառայողներինը 137 հազար, դատավորներինը  798 հազար դրամ,  հարկային ծառայողներինը`  232 հազար, պաշտոնային միջին դրույքաչափը՝ 94 հազար, իսկ 2011-ին 10-15 տոկոս աշխատավարձի բարձրացման արդունքում անգամ գիտության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կկազմի 61 հազար դրամ, մշակույթինը` 57 հազար դրամ:

«Մի՞թե պարզ չէ,  բյուջետային հատվածում տարբեր ոլորտների աշխատավարձերի միջեւ անթուլատրելի տարբերություններ սահմանելով ու խիստ բեւեռացնելով  եկամուտները, դասակարգային եւ սոցիալական շերտավորում ենք առաջացնում, անհանդուրժողականության եւ հուսախաբության մթնոլորտ ձեւավորում, ի վերջո վտանգում ենք երկրի սոցիալական կայունությունն, համերաշխության ու կայուն զարգացման հեռանկարը: Մի՞թե սահմանադրությամբ սոցիալական հայտարարված երկրում նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերի տարբերությունը այսքան ցնցումային պիտի լինի: Իհարկե, սա ցավով եմ ասում, եւ փորձում հասկանալ Հայաստանը մշտապես լքողների ահագնացող շարքերին»,- ընդգծել է նա: