ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տունը լքելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջեւ:

Euronews-ը հայտնում է, որ նա շփվել է Չիկագոյի համալսարանի ուսանողների հետ: Նրա նպատակներից մեկը «առաջնորդների նոր սերնդին ոգեշնչելն ու աջակցելն էր»: Հանդիպման ժամանակ ընթացիկ քաղաքական գործերի մասին խոսելիս Օբաման գործող նախագահի անունը չի հիշատակել եւ մանրամասների մեջ չի խորացել:

Օբաման ապագա քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել լսել սովորել: Նրա կարծիքով՝ արդի աշխարհում դա առանցային ունակություն է: «Երբ մենք հայտնվում ենք որեւէ խմբի մեջ, մեր առաջին բնազդը հուշում է մարդկանց ասել այն, ինչը նրանց պետք է հետաքրքրի: Բայց դրա փոխարեն առաջին տարիներին պետք է լսել եւ փորձել հասկանալ, թե իրականում նրանց ինչն է հետաքրքրում: Սա այն հարցերից մեկն է, որը գիտակցել եմ իմ կարիերայի տարիներին»,- ասել է Օբաման:

Օբաման ուսանողներին խորհուրդ է տվել երկրի կյանքին մասնակցել մինչեւ իրենց քաղաքակլան կարիերան սկսելը: Նա նշել է, որ նրանք, ովքեր ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել, պետք է համացանցն օգտագործելիս ավելի զգուշավոր լինեն: Օբամայի խոսքով՝ եթե մարդիկ ունենային ավագ դպրոցում սովորելու շրջանի իր լուսանկարները, ինքը հավանաբար նախագահ չէր դառնա: