Մեր պարտքն է կիսել ձեզ հետ ցավը, որը պատճառել են մեր նախնիները, եւ մենք ոչ միայն ներողություն ենք խնդրում դրա համար, այլեւ պահանջում ենք մեր երկրի՝ Թուրքիայի ղեկավարությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու նշել այդ սգո օրը։ Այս մասին ապրիլի 25-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ցեղասպանության դեմ միություն» կազմակերպության անդամ, Թուրքիայի քաղաքացի Էլիֆ Սելայ Էրթեմը։ 

Նրա խոսքով՝ երկրներում, որտեղ ապրում են կազմակերպության անդամները, մեծ ջանքեր են գործադրվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին արարողութուններ անցկացնելու համար։ «Մեր կազմակերպությունը, դժբախտաբար, չկարողացավ իր շարքերը համալրել գաղափարակիցներով, սակայն մեզ հաջողվում է մեր գործունեությամբ պաշտոնական Անկարայի համար անհարմարություն ստեղծել։ Չորս սերունդ է մեծացել պատմական ստով, այդ պատճառով էլ շատ դժվար է մարդկանց համոզել ճանաչել իրենց պատմությունը։ Մենք մի կաթիլ ենք ծովում, սակայն չենք հուսահատվում գաղափարակիցներ փնտրելու հարցում։ Շատ թուրքեր նախատում են մեզ մեր գործունեության համար, չեն կիսում մեր դիրքորոշումը, նույնիսկ սպառնալիքներ են հնչել։ Այժմ իրադրությունը մի փոքր դեպի լավն է փոխվել, Հրանտ Դինքի զոհվելուց հետո թուրք ժողովրդի գիտակցությունում ինչ-որ բան փոխվեց», - նշել է թրքուհի Էրթեմը։

Դոնա Գյունդուզի խոսքով՝ շատերն էին ցանկանում այս օրերին Երեւան գալ, այժմ Հայաստանում նրանց կազմակերպությունից 9 մարդ է գտնվում։ «Մեր կազմակերպության անդամները տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ են, բայց մեզ միավորում է խիղճը։ Մենք 40 հոգի ենք, բայց մեր շարքերը դանդաղ համալրվում են», - վստահեցրել է նա։

Լրագորղների հետ հանդիպման երրորդ մասնակիցը՝ Մահմուդ Ուզունն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը՝ չնայած արդեն վաղուց ապրում է Մեծ Բրիտանիայում։ «Ես մանկուց իմացել եմ Հայոց ցեղասպանության մասին, եւ իմ նպատակն է մինչեւ վերջին շունչս պայքարել, որ Թուրքիան պետական մակարդկաով ճանաչի այն», -ընդգծել է նա՝ հավելեով, որ Թուրքիայում բնակվող քրդերը չեն կիսում իր դիրքորոշումը, քանի որ նրանց համար Արեւմտյան Հայաստանի տարածքը Քուրդստան է։ 

1998 թվականից ի վեր կազմակերպության անդամները Հայաստան են ժամանում, որպեսզի հարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաեւ եւս մեկ անգամ իրենց նախնիների գործողությունների համար ներողություն խնդրեն։ Բացի այդ, «Ցեղասպանության դեմ միությունը» միջոցներ է հավաքում, որոնք յուրաքնաչյուր տարի ապրիլի 24-ին փոխանցվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։