Հայոց ցեղասպանությունը ճանաչման ոլորտից տեղափոխվեց հատուցման ոլորտ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սահմանադրական դատարանի խորհրդական, Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված տարբեր երկրներում հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Մասնավորապես, Եվրոպայում փորձ արվեց քրեականացնել Ցեղասպանության ժխտումը, բայց դա այնքան էլ հաջողված փորձ չէր, քանի որ, օրինակ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մերժեց այն՝ համարելով Ֆրանսիայի սահմանադրությանը չհամապատասխանող:

Մյուս կողմից, ըստ Վարդանյանի, հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ԱՄՆ-ում, որտեղ ընթանում են գույքային պահանջներով դատավարություններ. «Թեև այստեղ էլ բախվում ենք որոշակի քաղաքական ճնշումների, տեխնիկականն դատավարական խոչընդոտների»:

Վարդանյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում հաջողության հասնելու համար պետք է աշխատել բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ թուրք հասարակության վրա բարոյական ճնշում գործադրելով: