Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային «անցյալից տարբերվող խիստ միջոցներով» է սպառնացել Փհենյանի «անխոհեմ սադրանքների» դեպքում, նշված է վարչապետ Հվան Գյո Անի հայտարարության մեջ, որը ժամանակավորապես կատարում է Հարավային Կորեայի նախագահի պարտականությունները:
«Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետք է գիտակցեն, որ եթե դիմեն անխոհեմ սադրանքների՝ անտեսելով մեր կառավարության, ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության վճռական նախազգուշացումները, կբախվեն անցյալից տարբերվող խիստ միջոցների»,- «Ռենհափի» փոխանցմամբ՝ ասել է նա:
Գործակալության տեղեկություններով՝ «սադրանքներ» ասելով նկատի ունեն Փհենյանի կողմից միջուկային կամ հրթիռային փորձարկման հնարավոր անցկացումը:
Հվան Գյո Անը կարգադրել է Հարավային Կորեայում իշխանության առաջիկա փոխարինման նախաշեմին պահպանել մարտական պատրաստականության բարձր մակարդակը: Մայիսի 9-ին Հարավային Կորեայում նախատեսված են նախագահի արտահերթ ընտրություններ, որին, հասարակական կարծիքի հարցման համաձայն, պահպանողականները զիջում են ժողովրդավարական ուժերի թեկնածուներին:




























