«Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ «Առավոտի» հետ զրույցում պատմել են, որ արդեն մի քանի օր է, ինչ տնօրինությունը սկսել է առանձին արտադրամասերից աշխատակիցների հաստիքացուցակներ պահանջել։ Աշխատակիցները վստահեցնում էին, որ «շեֆերը» պարբերաբար զանգում են արտադրամասերի ղեկավարներին ու հարցնում, թե իրենց արտադրամասից քանի աշխատակից է ցույցին մասնակցել, նրանց խոսքով, բոլոր տեղեկությունները ճշտվում են ամենայն մանրամասնությամբ՝ աշխատակիցների անուն-ազգանունով։ «Սա ամենեւին էլ աշխատավարձերը ստանալու հետ կապ չունի, մեզ մեկ ամսվա աշխատավարձը արդեն այսօր բաժանել են։ Մեզ ցույցից հետո ոչինչ չեն ասել, չեն նեղել, բայց, չգիտենք ինչո՞ւ են ցուցարարների անուններն ու ազգանունները հարցնում»,– ասել է աշխատակիցներից մեկը։ Նաիրիտցիները նաեւ պատմել են, որ տնօրեններից մեկը խիստ վիրավորել է գործարանի կին աշխատակցներին՝ այն բանի համար, որ մասնակցել են ցույցին, նրանց անվանելով «լրբեր»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























