ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ նախորդ համաձայնագրի ու ներկա հուշագրի զգալի տարբերությունը վարչապետների փոփոխությունն է։ Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ նորընտիր պատգամավոր Աղվան Վարդանյանը, ելույթ ունենալով ՀՀԿ- ՀՅԴ միջեւ քաղաքական կոալիցիա ձեւավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդած ճեպազրույցում։
Անդրադառնալով նախորդ համաձայնագրի ու ներկա հուշագրի տարբերություններին՝ Աղվան Վարդանյանը ասաց․ «Զգալի փոփոխությունը, կարծում եմ հնարավոր կլինի տեսնել հրապարակված լուսանկարներում, որոնք աչքի են ընկնում վարչապետների փոփոխությամբ։ Վարչապետները տարբեր են եղել։ Կարծում եմ դա միանգամայն էական է»։
Հիշեցնենք, որ 2016-ի փետրվարի 24-ին ՀՀԿ ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ընթացքում Հայաստանի վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր։




























