Ռուսաստանի քաղաքացուն 20 տարվա ազատազրկում է սպառնում՝ Ֆիլիպիններում հազվագյուտ կրիայի սպանության համար:

Ինչպես հաղորդում է «5-ТВ»-ն, վլադիվոստոկցի զբոսաշրջիկը  խախտել է ֆիլիպինական օրենքը՝ հանգստի ժամանակ սպանելով հատուկ պահպանվող ծովային կրիայի տեսակի:  35-ամյա ռուսաստանցին ստորջրյա որսի համար նախատեսված հրացանով հայտնվել է արգելոցի տարածքում եւ սպանել 10 կիլոգրամանոց կանաչ կրիային: Այնուհետեւ նա որսի հետ ափ է դուրս եկել, որտեղ էլ նրան նկատել են տեսուչները: Զբոսաշրջիկին սպանության մեղադրանք է առաջադրվել:

Ամբաստանյալն ասել է, որ ինքը ձուկ էր ուզում որսալ, բայց պատահաբար դիպել է կրիային: Դա, սակայն, չի բացատրում, թե  ինչու է նա հետը վերցրել կրիայի մարմինը եւ փաթաթել սրբիչով:

Ֆիլիպինների օրենսդրությամբ՝ հազավգյուտ կենդանիների սպանության համար գանձվում է 5 մլն պեսո (մոտ 6 մլն ռուսական ռուբլի)  տուգանք եւ 12-20 տարվա ազատազրկում է սպառնում: