ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 30-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, եւ ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից եւ Արցախից:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման շրջանակներում նախագահը շնորհակալագրեր է հանձնել Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած եւ առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած Արարատյան բակալավրիատի թեկնածու լավագույն դպրոցներին:

Հանրապետության նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին եւ շնորհավորել բոլոր այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում:

«Այս ծրագրի գործադրմամբ մենք կարեւոր քայլ ենք կատարում դպրոցական կրթության հաստատված եւ բարձր միջազգային չափանիշներ ներդնելու ուղղությամբ:

Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի ապագայի համար ամենակարեւորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահենք տնտեսությունը եւ բարձր տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ այս առումով մենք վաղուց ձեւավորել ենք համաձայնություն, հասարակական կարծիք, եւ այդ նպատակների շուրջ այլեւս մեր հասարակության մեջ տարաձայնություններ չկան:

Այսօր Արարատյան բակալավրիատի միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ իրականացնել այս վեհ եւ լավ նպատակը: Սա կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետեւողականորեն մենք ներդնելու ենք մեր հանրապետությունով մեկ: Այսօր, փաստորեն, մենք ազդարարեցինք այդ աշխատանքի առաջին փուլի մեկնարկը:

Արարատյան բակալավրիատի միջոցով մենք պետք է լուծենք նաեւ կարեւոր սոցիալական խնդիր: Ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվել նաեւ կրթության ոլորտում, եւ արդեն իսկ ձեւավորվել են մի շարք դպրոցներ, որոնք վարում են շատ եռանդուն մարքեթինգային եւ գովազդային քաղաքականություն:

Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետեւենք այս գործընթացին, վերահսկենք, պետական դպրոցների շուրջ տեղի ունեցող այդ գործընթացները պետք է լինեն կրթության նախարարության, մեր հասարակության ուշադրության ամենակենտրոնում, որովհետեւ հաճախ այս մրցակցությունը լինում է ոչ ազնիվ, ոչ առողջ, իսկ գովազդը երբեք չպետք է կառուցվի մեկը մյուսին թերագնահատելու հենքի վրա:

Անվճար պետական դպրոց՝ բնավ չի նշանակում վատ դպրոց, իսկ վճարովի դպրոց՝ միանշանակ, չի նշանակում, որ այդ դպրոցում տալիս են անհրաժեշտ գիտելիքներ: Չափանիշներ պետք է լինեն այս ամբողջ համակարգը գնահատելու համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք օժանդակել այն ճիգերին, որ տեղի ունեն մեր մարզերում եւ, հատկապես, դպրոցներում, որովհետեւ գաղտնիք չէ, որ մեր մարզային դպրոցներն ունեն նյութատեխնիկական բազայի ավելի լուրջ խնդիր, քան Երեւանի դպրոցները: Մենք այս աշխատանքը պետք է շարունակենք՝ հաստատ համոզված լինելով, որ մեր կրթական համակարգը, մեր դպրոցական համակարգը միայն Երեւանի վրա հենված չէ:

Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որ լինի մրցունակ եւ պահանջված՝ մրցունակ, պահանջված նաեւ մեր այն հայրենակիցների համար, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, եւ նրանք ցանկություն պետք է ունենան կրթություն ստանալ հայրենիքում՝ Հայաստանում, եւ սա էլ կլինի, երեւի թե, հայրենադարձության բաղադրիչներից մեկը:

Սիրելի՛ բարեկամներ,

Կրկին շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին եւ կրթական հաստատությունների ողջ անձնակազմին հաջողության կապակցությամբ: Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում հատկապես Տեր Մեսրոպին եւ նրա թիմի անդամներին, որովհետեւ հսկայական ջանքեր գործադրվեցին: Բայց ուզում եմ առանձնապես շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, ովքեր առանց որեւէ բարդույթների եկան եւ հաստատեցին իրենց գիտելիքների բարձր մակարդակը: Այո՛, հանձնեցին քննություններ, եւ այստեղ ամոթալի որեւէ բան չկա, այստեղ անվստահության խնդիր չկա: Ընդհանրապես մեր պետական կառավարման համակարգում եւս այդպիսի քննությունները պետք է լինեն պարտադիր եւ պետք է լինեն պարբերաբար, որովհետեւ մասնագիտությունը եւս շարունակաբար ստացվող գիտելիքների մի ամբողջություն է: Բայց խոսքը այստեղ այլ բանի մասին է. ուզում եմ ասել, սիրելի՛ ուսուցիչներ, որ դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել: Դուք պատասխան տվեցիք, եւ սա լավագույն պատասխանն է բոլոր այն հոռետեսներին, որ տարիներ շարունակ խոսում էին, ասում էին՝ Հայաստանի կրթական համակարգը փլուզվել է, մենք այլեւս ուսուցիչներ չունենք եւ այլն եւ այլն:

Այստեղ շատ կարեւոր բան ասաց կրթության նախարարը՝ կապված ապրիլյան պատերազմի հետ: Բոլորը խոսում են այն մասին, որ մեր 18 տարեկան զորակոչիկները ուղղակի գերազանց են ծառայում եւ պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, բայց նրանք ընտանիքից բացի եւ, նույնիսկ առաջին հերթին, դպրոցում են ներծծում այդ գաղափարը: Ուստի, ես կարծում եմ՝ այստեղ նստած ձեզնից յուրաքանչյուրն ամեն անգամ դա պետք է շեշտի»,-մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: