Կաշառք պահանջելու եւ անձամբ ստանալու մեջ մեղադրվող, ՊԵԿ աշխատակից Գեւորգ Բրուտյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
NEWS.am-ի հետ զրույցում Բրուտյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը վստահեցրեց, որ կաշառքի մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Իմ պաշտպանյալը չի հերքում, որ գումար է վերցրել, սակայն թե ինչ նպատակով, կասի դատարանում»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում ցուցմունք տալուց հրաժարվել է:
Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ Գևորգ Բրուտյանին մեղադրանք է առաջադրվել իր սպասարկման տարածքում գործող տարբեր տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներից թվով 7 դեպքով ընդհանուր 2 մլն 400 հազար դրամ կաշառք պահանջելու և անձամբ ստանալու համար (1 դեպքով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 6 դեպքով` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով)։
Գործն ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու եւ հարկային օրենսդրության խախտումներին սահմանված կարգով չարձագանքելու դիմաց, նրանցից որպես կաշառք պահանջել եւ պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ:





























