Մայիսի 26-29-ին Թբիլիսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը բարձրացրել է Հայաստանի կողմից «Իսկանդերներ» ձեռք բերելու հետ կապված հարցը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանցի պատվիրակները անհանգստացած էին այդ հարցի հետ կապված:

Նրա խոսքով, իրենք պարզաբանել են, որ Հայաստանը նպատակ ունի վերականգնել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ամրապնդել պաշտպանական կարողությունները, նաեւ նշել են, որ հենց Ադրբեջանն է, որ միլիոնավոր դոլարների հարձակողական զենք է գնում եւ վտանգում տարածաշրջանի անվտանգությունը:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգում փոփոխություններ են եղել, մասնավորապես, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակների թիվն ավելացել է՝ 12-ից հասնելով 18-ի: Նահապետյանի խոսքով՝ այս առաջարկին դեմ է արտահայտվել միայն Ֆրանսիայի պատվիրակությունը, բայց նրանց դիրքորոշումը չի ընդունվել: