Ֆրանսիայի արեւմուտքում Բրեստի դատախազությունը սկսել է նախնական հետաքննություն Ռիշար Ֆերանի՝ տարածքային զարգացման նախարարի ու Էմանուել Մակրոնի ամենամտերիմ համակիրներից մեկի նկատմամբ, հայտնում է AFP-ը։ Դատախազությունը ստուգում է, կարող էր արդյոք նախարարը խախտել օրենքը, երբ 2011-ին, լինելով ապահովագրական ընկերության տնօրեն, անշարժ գույքի հետ կապված գործարք է կնքել՝ իր քաղաքացիական կնոջ անձնական շահերից ելնելով։

Ավելի վաղ Բրեստի դատախազությունը հրաժարվել էր հետաքննություն սկսել «Ֆերանի գործով»։ Սակայն Le Monde, Le Parisien ու Le Canard Enchaîné պարբերականների գաղտնազերծումներից հետո դատախազ Էրիկ Մատեն հայտնել էր, որ նախնական հետաքննություն է սկսում։

Դատախազի խոսքով, «հետաքննության նպատակն է հավաքել տվյալներ, որոնք թույլ կտան ամբողջությամբ վերլուծել փաստերը ու հասկանալ՝ արդյոք խախտվել է քրեական օրենսգիրքը»։

2011-ին, երբ Ռիշար Ֆերանը զբաղեցնում էր Mutuelles de Bretagne ապահովագրական ընկերության տնօրենի պաշտոնը, նրա ընկերությունը Ֆերանի քաղաքացիական կնոջ անշարժ գույքի ֆիրմայի հետ թանկարժեք պայմանագիր էր կնքել շենքի վարձակալության մասին։

Այդ գործարքի մասին լրատվամիջոցների հրապարակումները Ֆրանսիայում սկանդալ են բորբոքել։ Նախարարը հրաժարվում էր հրաժարական տալ, հայտնելով, որ անշարժ գույքի գործարքը ճիշտ կառավարման օրինակ է, այլ ոչ թե օրենքի խախտում։