Բրազիլիայի դատախազությունը տուգանել է J&F Investimentos ընկերությանը, որի վերահսկողության ներքո է գտնվում աշխարհում մսի ամենախոշոր մատակարար JBS-ը։ Տուգանքը կազմում է 10,3 մլրդ բրազիլական ռեալ (3 մլրդ դոլար)։ Պատճառը կոռուպցիոն սկանդալին մասնակցությունն է։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Rio Times-ը։
Բրազիլիայի դաշնային դատախազությունում նշում են, որ խոսքը կոռուպցիայի գործով աշխարհում ամենամեծ տուգանքի մասին է։
Համաձայնագրի պայմանների համաձայն՝ 25 տարում J&F-ը պետք է 8 մլրդ ռեալ վճարի պետական բյուջե եւ եւս 2,3 մլրդ ռեալ հատկացնի սոցիալական ծրագրերի իրականացմանը։
Ի դեպ, հինգշաբթի Բրազիլիայի դատարանը սառեցրել է JBS-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժոսլի Բատիշտայի բանկային հաշիվները՝ ինսայդերական գործարքներին մասնակցելու պատճառով, գրում է The Wall Street Journal-ը։ Անցյալ շաբաթ Բատիշտան հեռացավ պաշտոնից՝ դաշնային դատախազությունում պատմելով, որ նա ինքը եւ կոնցերնի մյուս ղեկավարները պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Միշել Թեմերին եւ նրան նախորդած երկու նախագահներին, միլիոնավոր դոլարների կաշառք են տվել։




























