Առաջիկայում Վրաստանի քաղաքացիների համար ավելի դյուրին կլինի Ճապոնիայի վիզա ստանալը։ Այս մասին նախօրեին հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան՝ վրացի գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Կիսիդայի խոսքով՝ Ճապոնիան մտադիր է Վրաստանի քաղաքացիների համար դյուրացնել վիզա տրամադրելու ընթացակարգը, որպեսզի զարգացնեն երկու ժողովուրդների միջեւ կապերը, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտում վրացա-ճապոնական հարաբերությունները։
Կիսիդայի եւ Ջանելիձեի հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ տնտեսության, էներգետիկայի, ինովացիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմանի համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
Նախարարները քննարկել են երկու երկրների ներդրումային համագործակցության ակտիվացումը։ Կիսիդան հայտարարել է, որ այդ թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում։
Վրաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին քաղաքական, ֆինանսական եւ տնտեսական աջակցության համար։
Իսկ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը, իր հերթին, հաստատել է Վրաստանի կողմից իրականացվող ենթակառույցային նախագծերին մասնակցելու Տոկիոյի պատրաստակամությունը։




























