Բորիս Ջոնսոնը կարող է լքել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հունիսի 8-ին են ծրագրված։ Այս մասին The Times թերթին հայտնել են Պահպանողական կուսակցության աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տվյալներով, վարչապետ Թերեզա Մեյը դիտարկում է ԱԳ նախարարի պաշտոնին Դեւիդ Դեւիսին նշանակելու հնարավորությունը, որը հիմա զբաղեցնում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարարի պաշտոնը։ Իր հերթին Brexit–ի հարցերով նախարար կարող է նշանակվել երիտասարդ քաղաքական գործիչ Բեն Գամմերը , որը հիմա Համայնքների պալատի պատգամավոր է ու զբաղեցնում է գլխավոր գանձապահի պաշտոնը, որն իր նշանակությամբ երրորդն է բրիտանական ֆինանսների նախարարությունում։
Միաժամանակ պարբերականը նշում է, որ բրիտանական կառավարության կազմում ապագա փոփոխությունների ծավալը կախված է լինելու Պահպանողական կուսակցության համար խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։





























