Ապրիլից հետո պատերազմի սպառնալիքի մակարդակն ավելի է նվազել, քան մինչեւ ապրիլյան պատերազմն էր: Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման տեսակետ հայտնեց «Մեդիակենտրոնում» տեղի ունեցած բանավեճի ընթացքում` մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը:
Իսկանդարյանի գնահատմամբ` ՄՃԽ-ի զեկույցի նկարագրական մասը մինչ այժմ եղածներից լավագույնն է: Բարձորոակ աշխատանք է կատարվել` արտատարածաշրջանային խաղացողներին ներկայացնելու համար:
Իսկանդարյանը, սակայն, հաջորդիվ զեկույցի հեղինակների եզրակացությունների հետ մի շարք տարաձայնություններ արտահայտեց. «Չկա ՄՃԽ-ի մի զեկույց, որում պատերազմը չկանխատեսվի: ՄՃԽ-ի բոլոր զեկույցները այս եզրակացությունն են տալիս, որպեսզի գրավեն միջազգային հանրության ուշադրությունը: Բայց եթե նյութը վերլուծում ես, եւ անընդհատ հայտարարում ես, որ գայլը կգա, քեզ դադարում են լսել: Սա վերաբերում է եզրակացությունների որոշ աններդաշնակությանը»:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանում զեկույցի նկատմամբ բուռն արձագանքը պայմանավորված է անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններով: «Ինձ հետաքրքրող գլխավոր բանը մեթոդաբանության խնդիրն է: Թեժացումը եւ պատերազմը տարբեր բաներ են: Թեժացման սպառնալիք կա, որը պարբերաբար տեղի է ունենում: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ պատերազմ սկսելը շատ դժվար է: Ապրիլյան իրադարձությունները ցայտուն կերպով ցույց տվեցին, որ թեժացում տեղի է ունենում, իսկ պատերազմ` ոչ»,- նշեց Իսկանդարյանը` հավելելով, որ համաձայն չէ «քառօրյա պատերազմ» տերմինի հետ` պատերազմներն այլ կերպ են լինում:
«Սպառազինության որոշ մակարդակի պայմաններում անվտանգությունն ավելի մեծ է դառնում, այլ ոչ ավելի փոքր: Թեժացման մեխանիկական անցումը պատերազմի դեռեւս պետք է ապացուցել: Ես զեկույցում նման բան չտեսա: Չեմ կարծում, որ հնարավոր է ինքնաբուխ պատերազմը: Հակառակորդի թերագնահատումը հնարավոր է: Բայց որպեսզի սերժանտ Մամեդովը կրակի լեյտենանտ Ավանեսյանի վրա, եւ դա պատերազմի նմանվի` անհնար է: Բոլոր թեժացումներն ու լարվածությունները տրամաբանություն ունեն եւ մայրաքաղաքներից են ղեկավարվում: Սա Սոմալին եւ նույնիսկ առաջին արշավանքի Չեչնիան չէ: Հրաման է հարկավոր: Զորքերը ենթարկվում են քաղաքական ղեկավարությանը: Կարծում եմ, որ ապրիլից հետո պատերազմի սպառնալիքը ավելի է փոքրացել, քան մինչեւ ապրիլյան պատերազմը»,- շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:





























