Երեւանի Մաշտոցի պուրակում՝ «Մարգարյան» հիվանդանոցին հարակից տարածքում, բաց մալուխների պատճառով հունիսի 2-ին խորը այրվածքներ ստացած Հովհաննես Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

56-ամյա անցորդն այրվածքներ է ստացել դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի շրջանում: Նա ստացել է նաեւ շնչուղիների այրվածք: Ընդհանուր առմամբ, այրվել է տղամարդու մարմնի 50 տոկոսից ավելին:

Ըստ ԱԻՆ ծառայության հրապարակած տեղեկատվության՝ դեպքի վայրում առկա է եղել մալուխային գծերի փորված գետնուղի, բաց մալուխներ եւ տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում, ինչի հետեւանքով քաղաքացին այրվածքներ է ստացել:

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում: