ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրենը նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ իրադարձությունները համեմատել է Ուոթերգեյթսի սկանդալի հետ: Ավելին՝ նրա կարծիքով, Ուոթերգեյթսի սկանդալը նսեմանում է Թրամփի շուրջ զարգացումների ֆոնին:

«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ Ջեյմս Քլեփերը քննադատել է Թրամփի «ռուսամետ» դիրքորոշումը՝ նշելով, որ «նրա կողմից Ռուսաստանին հետախուզական տեղեկությունների փոխանցումը կա՛մ անտեղյակության, կա՛մ հարգանքի բացակայության վկայություն է»: Նա անբացատրելի է համարում, թե ինչու է Թրամփը դեռեւս շարունակում «ռուսամետ» դիրքորոշում գրավել, չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության վերաբերյալ ապացույցներին:

1972 թվականին Վաշինգտոնի Watergate հյուրանոցում Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի կենտրոնակայան ներխուժումը եւ սկանդալը կոծկելու հետագա փորձերը 1974 թվականին հանգեցրին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին: